2018-ին ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքերի վրա արվել է հակերային հարձակման 3 մլն փորձ. ԱԱԾ պաշտոնյա
2018 թվականի 11 ամիսների ընթացքում ՀՀ պետական կառույցների պաշտոնական կայքէջերի վրա 3 մլն հակերային հարձակման փորձ է արվել։
Այս մասին այսօր Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանը։
«Հակերային հարձակման փորձի 3մլն դեպք է գրանցվել միայն ՀՀ կառույցների պետական կայքէջերի վրա, դրանք փորձեր են համարվում, որովհետև նպատակին չեն ծառայել։ Հակերային հարձակման փորձերն արվել են ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև եվրոպական երկրների կողմից»,-ասաց Քինակցյանը։
Tert.am-ի հարցին, թե ինչ նպատակ են հետապնդել դրանք, և որ երկրներից են արվել փորձերը, Քինակցյանն ասաց, որ նույն Ադրբեջանը կարող է հակերային խումբ վարձել մեկ այլ երկրում, հետևաբար էական չէ, թե որ երկրից են տեղի ունենում հարձակումները։
Նա նշեց, որ խոսքը միայն պետական կառույցների կայքերի մասին է, որովհետև դրանք են գտնվում ԱԱԾ-ի տիրույթում։ Քինակցյանն ասաց, որ եղել են դեպքեր, որ դանդաղել է կայքերի աշխատանքը և այլն, սակայն այդ հարձակումները նպատակին չեն հասել։