Դադարեցվում է թափառող կենդանիների սպանդը. Լենա Նազարյան
Հայկ Մարությանի ու Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումներից էր հրաժարվել թափառող կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկայից և անտուն կենդանիների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:
«Այս խոստման իրականացման մեկնարկը տրված է: Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդը: Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր:
Իմ հերթին պատրաստել եմ ՀՀ Քրեական և ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որոնցով առաջարկելու եմ խստացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը:
Հուսամ՝ նոր խորհրդարանը կաջակցի մեզ այս հարցում»: