Նկարիչների արվեստանոցների գույքահարկը հավասարեցված է կազինոների գույքահարկին. Կարեն Աղամյան
«Նկարիչների արվեստանոցների գույքահարկը հավասարեցված է կազինոների գույքահարկին: Սա աբսուրդ է, աշխարհում չկա ոչ մի պետություն, որ նման օրենք ունենա»,- անդրադառնալով Հայաստանի նկարիչների միության խնդիրներին՝ այսօր միության 19-րդ համագումարից առաջ հայտնել է միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նա նաև ասել է, որ այսօրվա օրակարգում դրված է նախագահի, վարչության և ռեվիզիոն կազմի ընտրության հարցը: Բացի գործող նախագահից՝ Նկարիչների միությունը գլխավորել է ցանկանում ևս երկու թեկնածու:
Խոսելով 20 տարի միությունը գլխավորելու փաստի մասին՝ Աղամյանն ասել է, որ իրեն ամեն անգամ ընտրել է Միությունը առնվազն 80 տոկոս ձայներով:
«Եթե քիչ լիներ, գուցե չհամաձայնեի, ես մի քիչ վրդովված եմ, քանի որ այն անձինք, ովքեր հավակնում են նախագահի պաշտոնին, դիմեցին ոչ այնքան, իմ կարծիքով, ճիշտ քայլերի: Որևիցե օրենք չկա, որ արգելի մեկ անգամ, երկու անգամ, տասն անգամ … Սա որոշում են բոլորը միասին, իմ ցանկությունը չէ միայն: Ես ունեմ բազմաթիվ ծրագրեր, և էս օջախը շատ հարազատ է ինձ, ով ուզում է լինի Միության նախագահը»,- ասել է Կարեն Աղամյանը: