Տաջիկստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածությանը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այդպիսի տեղեկություն կա նաև Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքում: Այս մասին փոխանցում է Белта-ն:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ: Կարևորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերակատարությունը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զենքի, կազմակերպված և անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում:
Կողմերը հետաքրքրություն են հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ժամանակակից աշխարհի բացասական երևույթների դեմ պայքարում համագործակցության ամրապնդման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տաջիկստանի նախագահն ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է ՀԱՊԿ շրջանակում կնքված համաձայնագրերի իրագործումը: