Արթիկում վրաերթի են ենթարկվել 2 անչափահասներ
Դեկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի է ենթարկել երկու անչափահասի, այնուհետ բախվել բետոնե պատնեշին:
Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը՝ 13-ամյա Սեյրան Արշակյանը, վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իսկ «ՈւԱԶ»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Մեքենայում եղել է նաև կալանավոր, նա ևս տուժել է, նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն: Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված ուղևորն առաջին բուժօգնություն ստացել և դուրս է գրվել, իսկ վրաերթից տուժած 13–ամյա տղայի մոտ լուրջ վնասվածքներ չեն ախտորոշվել, բայց հարազատների ցանկությամբ՝ նրան տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը: Անչափահաս մյուս տղան ՝ 14 տարեկան Արմեն Նահապետյանը, չի դիմել բժշկի: Երեխաները սովորում են Արթիկի 6-րդ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը՝ 36-ամյա Չապլին Մարտիրոսյանը, չի տուժել: