Փնտրվում է բանկոմատից կանխիկացման փորձ կատարած անձը
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու բանկային քարտից գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը:
ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս պատկանող բանկային քարտը:
Նույնը օրը՝ ժամը 22:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Մազմանյան փողոցում գտնվող բանկոմատից, անհայտ անձը բնակչուհուն պատկանող բանկային քարտից կատարել է գումարի կանխիկացման փորձ:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժին: