Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել
Շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, օգոստոսի 22-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր բնակարանի պատշգամբից ապօրինի մուտք է գործել հարեւանուհու բնակարան, որտեղ հյուրասենյակում դրված պայուսակից հափշտակել է 5 կտոր ոսկյա զարդ, 1000 ՌԴ ռուբլի, իսկ սեղանի վրայից վերցրել է «Nokia» մոդելի բջջային հեռախոս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հափշտակության պահին տուն է վերադարձել 79-ամյա տանտիրուհին եւ փորձել է կանխել հափշտակությունը:
Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ հափշտակությունը բացահայտ շարունակելու եւ մինչեւ վերջ հասցնելու նպատակով, հատակից վերցրել է աղյուս, հարձակվել կնոջ վրա ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, ինչի հետեւանքով 79-ամյա կինը կորցրել է գիտակցությունը եւ վայր ընկել, իսկ 42-ամյա բնակիչը, կարծելով, որ սպանել է հարեւանուհուն, դիմել է փախուստի՝ իր հետ տանելով հափշտակած իրերը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: