Հայաստանի հետ համագործակցությունը զարգանում է վստահության ոգով. Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է հինգ երկրի դեսպանների, այդ թվում և Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հավատարմագրերը:
Ինչպես հայտնում է Ղազախստանի Tengri news գլխավոր լրատվական գործակալությունը, երկրի ղեկավարը շնորհավորել է ներկա դիվանագետներին Ղազախստանում իրենց աշխատանքի պաշտոնական մեկնարկի առթիվ:
Հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ Նազարբաևը հայտարարել է, որ քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական համագործակցությունը Հայաստանի հետ զարգանում է փոխադարձ վստահության և հարգանքի ոգով: Նա ընդգծել է նաև երկու երկրի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում:
«Վերջին տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծանում է: Այսպես, 2017 թվականի արդյունքներով՝ աճը կազմել է 68,4 տոկոս: Կարևոր է ամբողջովին օգտագործել մեր երկրների ներուժը առևտրատնտեսական ոլորտում», - ասել է Նազարբաևը:
Ղազախստանի նախագահին հավատարմագրեր են հանձնել նաև Իրանի, Լիտվայի, Ղրղզստանի և Աֆղանստանի դեսպանները: