Վաչագան Ղազարյանի կալանքը երկարացնելու հարցի քննությունն ավարտվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պոպոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ` Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ դատավորը իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է և շարունակել գործի քննությունը, որի ընթացքում քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ:
Ըստ Հարությունյանի՝ իր կողմից ևս մեկ անգամ գրավ կիրառելու միջնորդություն է ներկայացվել․ որպես գրավի չափ նշել են երկու կամ երեք միլիոն դրամը:
Ղազարյանը հունիսի 27-ին կալանավորվել էր, ապա 1 մլրդ դրամ գրավով ազատ էր արձակվել: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 27-ին: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։
Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։
Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017թ. իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 մլն դրամի, 1 272 900 դոլարի և 124 մլն դրամին համարժեք՝ 218 000 եվրոյի չհայտարարագրման։ Բացի դրանից, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։
Նախաքննության սկզբնական փուլում՝ մինչև գրավի դիմաց ազատ արձակվելը Ղազարյանը մեկ ամիս մնացել էր կալանքի տակ, այժմ ևս մեկ ամիս կալանքի տակ է։