Հայկ Սարգսյանի փաստաբանը իր պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքն ակնհայտ անօրինական է համարում (տեսնայութ)
«Ատրճանակ ձեռք բերելու, պահելու մասին մեղադրանքը, ակնհայտ անօրինական է ի սկզբանե: Էս մեղադրանքn ի սկզբանե իրավունք էլ չունեին առաջադրելու, որովհետև օրենքը հստակ սահմանում է, որ եթե վաղեմության ժամկետը անցել է, ապա քրեական գործ չի կարող հարուցվել քրեական հետապնդում չի կարող իրականացվել»,- Հայկ Սարգսյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանը սակայն չի բացատրել, թե ինչու իր պաշտպանյալը չի համաձայնել վաղեմության հիմքով դադարեցնել այդ մեղադրանքը, նշելով, որ այդ հարցին իրենք կանդրադառնան հետագայում, սակայն նաև ավելացրել է, որ եթե մի բան ի սկզբանե անօրինական է, ապա ինչու դրան համաձայնվել:
Երեմ Սարգսյանը նաև համոզված է, որ շինծու մեղադրանքից բացի՝ գործում չկա որևէ հիմնավոր ապացույց: Ավելին, ըստ փաստաբանի, շատ հարցեր կասկածի տեղիք են տալիս, քանի որ փորձագիտական եզրակացությամբ տուժողը իբր թե վիրավորվել է կրծքավանդակի ձախ հատվածից, սակայն գործով ստացվում է, որ կրակել է որովայնին:
«Մեղադրանքը պետք է լինի հստակ, անձը պիտի իմանա՝ ինչում են մեղադրում, ինչից պետք է պաշտպանվի: Այն էլ նման կարևոր հարցում, որ փորձագետի եզրակացություն կա, թե որ հատվածից է մուտքը, էս դեպքում ասում եմ՝ որովայնի»,- ընդգծել է փաստաբանը՝ հավելելով, որ տուժողն իր պաշտպանյալի դեմ ներկայացրել է հակասական ցուցմունքներ, առերեսմանը ներկայացել է բազմաթիվ վնասվածքներով, ինչը ևս փաստաբանական կողմի համոզմամբ՝ կասկածի տեղիք է տալիս ու պարզաբանման կարիք ունի:
Երեմ Սարգսյանը նաև հռետորական հարց է հնչեցրել, թե որն է պատճառը, որ տուժողի ասածներին կուրորեն հավատացին և փորձաքննություն չնշանակեցին, թե ինչ հանգամանքներում է տուժողը նման վնասվածքներ ստացել: