Կարկտահարությունից տուժած թվով 4 համայնքում իրականացվում է մարդասիրական օգնության ծրագիր
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի միջեւ հաստատված համագործակցության արդյունքում սույն թվականի նոյեմբերի 28-ից սկսած աջակցություն է ցուցաբերվում Լոռու եւ Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնց շենք-շինություններն ու ցանքատարածությունները ահռելի վնասներ էին կրել ուժեղ կարկտահարության պատճառով։
Նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական եւ կենցաղային ծանր պայմանները, մանկահասակ երեխաների թվաքանակը՝ նախատեսվում է մարդասիրական օգնություն (ալյուր եւ արեւածաղկի յուղ) տրամադրել Լոռու մարզի Դսեղ եւ Շիրակի մարզի Առափ, Ոսկեհատ, Հառիճ համայնքներում բնակվող 4620 մարդու։
Ծրագրի շրջանակներում Դսեղ համայնքում 1795 բնակիչ արդեն ստացել է ալյուր եւ արեւածաղկի յուղ պարունակող սննդի օգնության փաթեթներ: Այժմ ընթացքի մեջ է մարդասիրական օգնության բաշխումը Շիրակի մարզի համայնքներում։
Կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռեւս սեպտեմբեր ամսին ՀՀ ՏԿԶ փոխնախարար Կարեն Իսախանյանի, նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանի եւ Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Ալլայ Սարկիսովայի միջեւ կայացած հանդիպման արդյունքում։ Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք (ACT Alliance) կազմակերպության արագ արձագանքման ծրագրերի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ դաշինքի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ։ Օգնության տրամադրման եւ համակարգման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինը՝ ի դեմս ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի: