Համակարգի բժիշկների վրա էլ որոշակի ճնշումներ կան․ Մանվել Գրիգորյանի պաշտպան
Կալանավայրում Մանվել Գրիգորյանն ստանում է այնքան բուժօգնություն, որքան հնարավոր է այդպիսի պայմաններում, բայց դա բավարար չէ նրա հիվանդության դեպքում։ Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը։
««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկը ջանք ու եռանդ չի խնայում, դրսից բժիշկներ են օգնում, մասնակցում են, բայց մեծ հաշվով ես գիտեմ, համենայնդեպս, տեսել եմ և գրառումներից հասկացել, որ համակարգի բժիշկների վրա էլ որոշակի ճնշումներ կան գործադրված», – ասաց պաշտպանը լրագրողների հետ զրույցում։
Նա բացատրեց, որ պատշաճ չեն զննում Մանվել Գրիգորյանին, բայց հայտարարում են, որ առողջական վիճակը նորմալ է։
«Եթե նրա վիճակը նորմալ է, այսինքն՝ մնացել է միայն մահանանք, էլ ուրիշ բան չի մնացել», – ասաց պաշտպանը։
Նա թվարկեց Գրիգորյանի մի քանի ծանր հիվանդություն (քաղցկեղ և այլն) ու ասաց, որ դրանք 16-ն են․ այդպիսի հիվանդությունները բանտային պայմաններում չեն բուժվում, նույնիսկ բժշկական տեխնիկան մեկուսարան տեղափոխելու հնարավորություն չկա։