Չինաստանում 15 հոգու վրաերթի ենթարկած տղամարդը դատապարտվել է մահապատժի
Չինաստանի Հունան նահանգի Հենյան քաղաքի ժողովրդական դատարանը մահապատժի է դատապարտել այս տարվա սեպտեմբերին կանխամտածված զանգվածային վրաերթ իրականացրած տղամարդուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12-ին: Մեքենան մարդկանց ամբոխի մեջ էր մխրճվել քաղաքի հրապարակում: Վրաերթի հետևանքով մահացել էր 15, մարմնական տարբեր վնասվածքներ ստացել 43 մարդ:
Վարորդ Յան Ցզանյունը տեղում ձերբակալվել էր: Հայտնի է, որ նա նախկինում դատապարտված է եղել: Նա նշել էր, որ նման քայլի է դիմել «իր բարդ ճակատագրի համար հասարակությունից վրեժ լուծելու» համար:
Հայտնի է նաև, որ Ցզանյունը դատարանում ընդունել է իր մեղքը: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա պատրաստվում է բողոքարկել իր դեմ վճիռը: