Չեմ ճանաչում այլ մեկի, որ վնասը հատուցելուց հետո առողջական նման վիճակում կալանքի տակ պահվի. Մանվել Գրիգորյանի պաշտպան
«Ես չեմ ճանաչում, չգիտեմ նման մեղադրանքներով մեղադրյալ, որին, վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ։ Ես կարծում եմ՝ անարդար է դա», – այսօրվա դատական նիստից հետո իրենց միջնորդության բովանդակությունը լրագրողներին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքը։ Այդ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս Մկրտչյանն ասաց, որ իր պաշտպանյալը դատական նիստին այսօր չի մասնակցել առողջության վատացման պատճառով։ Մկրտչյանը ներկայացրեց նաև կոնկրետ առողջական խնդիրը՝ շաքարի մակարդակը բարձր է։
«Իրականում ծանր առողջական վիճակով նպատակահարմար չգտանք, որ այսօր մասնակցի (դատական նիստին)։ Դիմում էր ներկայացված»,-ասաց պաշտպանը։