Կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել. բեզոարյան այծերից մեկն անկում է ապրել
Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել: Այգու պաշտոնական ֆեյսբուքյան էջում ասվում է.
«Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին, այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում:
Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել էր այնտեղ:
Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ի՞նչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաև՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի:
Փաստ է սակայն, որ վերջին շրջանում այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, և անհնար է դրանցում չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար»,- ասվում է Կենդանաբանական այգու տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Կենդանաբանական այգում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այս տարի է ծնվել: