Պետք է ազնիվ լինել՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն. Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ շուկան։ Եվ պետք է ազնիվ լինել՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայի համար, իսկ Ռուսաստանում շուկան ավելի ցածր ստանդարտներ ունի, ու այնտեղ հայկական ապրանքները մրցունակ են։ Այս մասին գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։
Հարցազրույցը վերաբերել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակին ու տնտեսական բարեփոխումներին, որ պետք է հետևեն դրան։ Վարդանյանն այդ խոսքերով հակադարձել է հարցազրուցավարի այն հարցադրմանը, թե որքանով է Ռուսաստանը կարևոր Հայաստանի համար։
«Ռուսաստանը նաև ամենամեծ ներդրումներ անողն է Հայաստանի համար։ Եվ Ռուսաստանն ամենամեծ գործատուն է այն հայերի համար, ովքեր, ցավոք, չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում ու մեկնում են Ռուսաստան։ Այսպիսով, բազմաթիվ պատճառներով Ռուսաստանը մեծ շուկա է Հայաստանի համար և կարևոր գործընկեր», – ասել է Վարդանյանը։