Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի Սարկիսով եղբայրների նկատմամբ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նրանց մեղադրում են խարդախության մեջ:
Ուկրաինայի ՆԳՆ կայքում տեղադրված որոնվող անձանց ցանկում նշվում է, որ գործարարներն «անհետացել են» 2018-ի սեպտեմբերի 24-ին: Նրանք մեղադրվում են Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է «Առավել խոշոր չափով կամ խմբի կողմից կազմակերպված խարդախություն»:
Գործի քննության մասին մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում:
Վերոնշյալ հոդվածով նախատեսվում է 5-12 տարվա ազատազրկում՝ գույքի առգրավմամբ:
Սարկիսով եղբայրներին է պատկանում «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության բաժնետոմսերի 60.7 տոկոսը: Մյուս խոշոր բաժնետերն է AXA Group ֆրանսիական ապահովագրական ընկերությունը (36,7%): Ուկրաինայում գործարարներն ընդգրկված են եղել Просто-Страхование ապահովագրական ընկերության ղեկավար կազմում: