Ստեփանավանում բռնկված հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. Լոռու մարզպետ
«Այսօր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելեցինք Ստեփանավան, եղանք դեպքի վայրում: Առաջիկա օրերին այս խնդրի լուծմանն ուղղված աշխատանքային խորհրդակցություն կանցկացնենք Ստեփանավանում, կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ցավ հայտնելով Հակոբյանների ընտանիքի կորստի համար:
«Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն կառույցում բռնկված հրդեհի հետևանքով այսօր երեք զոհ ունեցանք: Հրդեհի առաջացման պատճառը դեռևս հստակ չէ: Այն պարզ կլինի միայն իրականացվող մի շարք փորձաքննություններից հետո:
Ցավալի է, որ 88-յան երկրաշարժից մինչ օրս՝ շուրջ 30 տարի բնակիչներն ստիպված են եղել ապրել այդ փայտաշեն տներում, որոնց պիտանելիության ժամկետը վաղուց անցել է: Ցավալի է, որ նախորդ իշխանությունների անարդյունավետ աշխատանքի արդյունքում մինչ օրս Լոռու մարզում ունենք այսպիսի վտանագավոր պայմաններում ապրող ընտանիքներ:
Այսօր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելեցինք Ստեփանավան, եղանք դեպքի վայրում: Առաջիկա օրերին այս խնդրի լուծմանն ուղղված աշխատանքային խորհրդակցություն կանցկացնենք Ստեփանավանում, կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ:
Մի բան պարզ է. անհրաժեշտ է հնարավորինս շուտ շտկել նախորդների բացթողումներն ու այդպիսի անմխիթար պայմաններում ապրող ընտանիքներին օր առաջ ձերբազատել կեցության ու կյանքի համար վտանգ ներկայացնող բնականներից:
Ցավում եմ Հակոբյանների ընտանիքի կորստի համար, ցավակցում եմ բոլորիս: Սա բոլորիս ցավն է»,-գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով ծխահարվելու եւ այրվելու հետեւանքով մահացել էին տան 3 անդամները, այդ թվում՝ 10-ամյա երեխա, իսկ տան միակ փրկված 26-ամյա Դավիթ Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր:
Հիշյալ թաղամասում փայտյա երկհարկանի շենքեր են՝ առանձին բնակարաններով, որտեղ բնակվում են Սպիտակի աղետալի երկրաշարժից ի վեր: