Չինաստանում կանադացի նախկին դիվանագետի են ձերբակալել
Չինաստանում ձերբակալել են կանադացի նախկին դիվանագետին, որը ներկա պահին համագործակցում է «Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապաշտպան կազմակերպությանը:
«Մենք տեղյակ ենք, որ Հյուսիսարևելյան Ասիայի հարցով մեր ավագ խորհրդական Մայքլ Քովրիգը ձերբակալվել է Չինաստանում: Մենք անում ենք ամեն հնարավորը նրա գտնվելու վայրի մասին հետագա տեղեկություն ստանալու և նրա անհապաղ ազատ արձակմանը հասնելու համար»,- ասվում է ICG-ի կայքում:
Ինչպես կազմակերպությունից հայտնել են, Քովրիգը ծառայողական գործուղման է մեկնել Չինաստան, որտեղ էլ նրան ձերբակալել են:
2014-2016 թվականներին վերջինս եղել է Պեկինում Կանադայի դեսպանատան փոխհյուպատոսը, որից հետո զբաղեցրել է հյուպատոսի պաշտոնը Հոնկոնգում գործող գլխավոր հյուպատոսությունում:
Նախկին դիվանագետի ձերբակալությունը տեղի է ունեցել երկու երկրի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին: Չինաստանի և Կանադայի միջև լարվածությունն առաջացել է Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալության պատճառով: ԱՄՆ-ը Կանադայից պահանջում է արտահանձնել վերջինիս, որին կասկածում են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու մեջ: