Եմենում ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում
Եմենում յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում ավիահարվածներից, հիվանդություններից կամ սննդի անբավարարությունից երեխա է մահանում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) զեկույցում։
Մասնավորապես, հիմնադրամը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ 2015թ․ մարտից օդից հարվածների հետևանքով Եմենում զոհվել կամ ծանր վիրավորվել է ավելի քան 6700 երեխա և դեռահաս՝ տեղեկացնում է DW-ն։
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ երկրում հումանիտար օգնության կարիք ունեցող բնակիչների թիվն ավելի քան 22 մլն է, որի կեսը երերխաներ են։
Կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով բաժնի ղեկավար Գիրտ Կապելերեն նշել է, որ «ամեն երեկո Եմենում 7 մլն երեխա քաղցած է պառկում քնելու»։ Ընդ որում, սննդի անբավարարությունից տառապող 400 000 երեխայի կյանքին վտանգ է սպառնում, նրանք ամեն վայրկյան կարող են մահանալ։
2018թ․ ՅՈւՆԻՍԵՖ-ին հաջողվել է բուժական սնունդ տրամադրել եմենցի ավելի քան 230 հազար քաղցած երեխաների։