ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվեց
հատուկ քննչական ծառայությունում քննվող ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Էլոյանն, ով մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
Պողոսյանը մեզ տեղեկացրեց, որ առաջիկայում իր պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ հարցը դարձյալ կքննարկվի առաջին ատյանի դատարանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանությունում ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում էր տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը եւ նույն բաժնի տեսուչ Վաղարշակ Լալայանը 2018 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու եւ որոշակի թերությունների ու խախտումների վրա, այսպես ասած, աչք փակելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են ընդհանուր՝ 1.000.000 դրամ:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառ ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից):