Սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ. Նիկոլ Փաշինյան
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության եւ ժողովրդի իշխանության բացառիկ արտահայտումը դարձան»:
Այսպես սկսեց ֆեյսբուքյան տեսաուղերձը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր արտահերթ խորհրդարանական ընտորթյուններին բացառիկ բարձր գնահատականներ են տվել միջազգային դիտորդներ, կառույցներ՝ ըստ էության արձանագրելով դրանց ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական լինելու փաստը: Սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ, սա իսկապես Հայաստանի կարեւորագույն նվաճումն է եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կարեւորագույն նվաճումն է:
Իհարկե, այս ընտրությունները կարեւոր էին Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք այս ընտրություններին վստահության քվեն տվեցին Իմ քայլը դաշինքին: Մենք հասկանում ենք, որ այդ քվեն չափազանց պարտավորեցնող է, եկել է օր ու գիշեր աշխատելու եւ ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը: Եվ որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը»,-ասաց Ն. Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց իրենց վստահած տասնյակ հազարավոր մարդկանց, շնորհակալություն հայտնեց ընտրություններում պայքարի դուրս եկած քաղաքական ուժերին, հաջողություն մաղթեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին: