Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Ինչպես գրում է ռուսական ТАСС գործակալությունը, Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ:
«Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակում է իր գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ, սակայն չի լինելու որևէ ուժի ազդեցության տակ:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: