Նորվեգիայում կայացել է նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը
Օսլոյի քաղաքապետարանում կայացել է Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակակիրները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգը և Իրաքից Նադյա Մուրադն են, գրում է Daily Mail-ը:
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը դափնեկիրների անունները հրապարակել էր հոկտեմբերին: Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար: Մրցանակային ֆոնդը կազմել է 10 մլն շվեդական կրոն (մոտ 1 մլն ամերիկյան դոլար):
Արարողության ընթացքում դափնեկիրները, ավանդույթի համաձայն, ճառով են հանդես եկել:
Հայտնի է, որ Նադյա Մուրադը հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սեռական ստրկության զոհ է դարձել:
Բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգը 1990-ականների վերջին հիմնադրել է կլինիկա, որտեղ պատերազմական շրջաններում սեռական բռնության զոհ դարձած հազարավոր կանայք են բուժվել: