ՄԻՊ աշխատակազմը ժամը 18:00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ստացված ահազանգերը մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը: Բարձրացվել են նաև հարցեր գաղտնի քվեարկության իրավունքի իրացման, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումների, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխության, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինության և այլ խնդիրների հետ կապված:
«Բոլոր ահազանգերով տրվել է ամբողջական խորհրդատվություն: Ըստ անհրաժեշտության իրավասու պետական մարմիններից, ներառյալ՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
Թեժ գծի զանգերին զուգահեռ՝ նաև ուսումնասիրվել են լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 750 հրապարակում»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերն առանձին ուշադրության կենտրոնում են պահել դիտորդների և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները: Արձանագրված դեպքերով Պաշտպանի աշխատակազմի և արագ արձագանքման համար մարզեր գործուղված օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրավասու մարմիններից պարզում են դրանց մասով ձեռնարկված միջոցները: