Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
2003 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը այս օրը հռչակեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Ամեն տարի այս օրը բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր իրենց խոսքերով և գործերով պայքարում են դրա դեմ, ի մի են բերում այդ պայքարում իրենց և իրենց երկրների կառավարությունների և հասարակությունների ձեռքբերումներն ու կորուստները:
Համաշխարհային մասշտաբով 2011 թ. յուրահատուկ տարի էր` հանրության կողմից կոռուպցիայի և նրա ավերիչ հետևանքների ընկալման և այն այլևս չհանդուրժելու առումով:
Այդ յուրահատկությունը դրսևորվեց նրանով, որ աշխարհի տարբեր տարածքներում, բայց, ցավոք ոչ Հայաստանում, ծայր առած բողոքի շարժումներին մասնակցող քաղաքացիները հստակորեն նշում էին, որ հենց կոռուպցիան է իր տարբեր դրսևորումներով հանդիսանում իրենց պետությունների և հասարակությունների բարդ հիմնախնդիրների գլխավոր պատճառներից մեկը` եթե ոչ ամենագլխավորը: