Այնպիսի միջադեպեր, ինչպիսին նախկինում էին, չեն գրանցվել․ Լիլիթ Մակունց
Ընտրելու եմ հանուն օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ հզոր պետության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվերակելուց հետ ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։
«ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկելու ազատ, առանց որեւէ կաշկանդվածության, եւ հենց այդ ազատ արտահայտման արդյունքն էլ ունենալու ենք վաղը»,-ասաց նա։
Լիլիթ Մակունցը նշեց, որ ընտրախախտումների հետ կապված տեղեկանում է լրատվամիջոցների հրապարակումներից եւ տեղյակ է, որ մեկից ավելի անձինք քվերախուց են մտնում։
«Այնպիսի միջադեպեր, ինչպիսին նախկինում էին, չեն գրանցվել, որը կարծում եմ դրական երեւույթ է, իսկ մնացածը ահազանգեր լինում են պարբերաբար եւ կարծում եմ, որ այդ ամենը ոստիկանությունը վերահսկողության տակ կպահի։ Օրվա ընթացքում հետեւելու եմ ընտրություններին»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը: