Արրտահերթ խորհրդարանական ընտրություններն արժանավայել են ընթանում. Արտակ Զեյնալյան
«Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի կասկածում, որ դաշինքը խորհրդարան կանցնի: Նա այս մասին հայտարարեց դեկտեմբերի 9-ին՝ քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
Խոսելով ընտրություններից իր ակնկալիքների մասին՝ Զեյնալյանը հույս հայտնեց, որ Հայաստանը զարգացող երկիր կդառնա, որտեղ կիշխեն համերաշխությունն ու սիրո մթնոլորտը: «Հույս ունեմ, որ նոր խորհրդարանը կամրապնդի երկրի խորհրդարանական կառավարման մեր ավանդույթները»,- նշեց նա:
Զեյնալյանը խուսափեց կանխատեսումներ կատարել, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան: Չնայած դրան, հարցին՝ ընտրողներն արդյոք խորհրդարանում կտեսնե՞ն «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, Զեյնալյանը պատասխանեց. «Անպայման»:
Նա ընտրողներին կոչ արեց ընտրություններին ակտիվորեն մասնկացել, քանի որ դա ոչ միայն հասարակությանը կամրացնի, այլեւ կարեւոր դերակատարում կունենա երկրի հետագա զարգացման եւ բարեփոխումների իրականացման գործում:
Զեյնալյանը նշեց, որ չնայած նախընտրական արշավի սեղմ ժամկետին, արտահերթ խորհրդարանական ընտրություններն արժանավայել են ընթանում: «Կարծում եմ, որ չնայած նախընտական արշավի ժամանակի պակասին, քաղաքական ուժերը կարողացան իրենց գաղափարախոսությունը հասցնել ընտրողներին»,- շեշտեց նա: