Հասարակության մեծ հատվածը վստահում է ԱԱԾ-ին. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` ԱԱԾ հրավիրվելուն և չներկայանալուն: Նա նշեց, որ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ` իր կողմից արված առերևույթ հայտարարության համար պարզաբանումներ տալու, սակայն չի ներկայացել, չի ներկայացրել իր հայտարարությունը հիմնավորող որևէ փաստարկ, այլ հայտարարել է, որ դա քաղաքական հայտարարություն է:
«Ես այսօր ուզում եմ, օգտվելով առիթից, կոչ անել բոլորին` քաղաքական, պետական գործիչներին, ազատամարտիկներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն կամ կունենան տեղեկություններ, որոնք կհիմնավորեն պնդումը, որ Արցախին կամ ՀՀ-ին սպառնալիք կա, կա դավադրություն, որի արդյունքում պետք է հանձնվի Արցախը կամ դրա մի մասը, գան ԱԱԾ և տան համապատասխան հաղորդում: Եթե մարդը հրաժարվում է գալ, դա ցույց է տալիս, որ ինչ-ինչ նպատակներ է հետապնդել: Նրան բերման ենթարկելու հիմք չունենք: Եթե մարդը հայտարարություն է անում, հետո չի գալիս և պաշտոնական տեքստ տալիս, չի պնդում, բերման ենթարկելու իմաստ և հիմք չկա: Բոլորը կգնահատեն` նրա ասածները իրականությանը համապատասխանո՞ւմ են, արժեք ունե՞ն, թե՞ ոչ»,- ասաց նա:
Քննադատությանը, թե ԱԱԾ-ն դարձել է պատժիչ մարմին, Վանեցյանն արձագանքեց, որ ԱԱԾ-ի գնահատականը տալիս է ժողովուրդը, հասարակությունը, ապա նշեց.
«ԱԱԾ-ին հասարակության մեծ հատվածը վստահում է և, չասեմ` սիրում է, բայց սիրում էլ են: Խրոխտ ձայնով ու դեմքի լուրջ արտահայտությամբ արված հայտարարությանը միշտ չէ, որ լուրջ պետք է վերաբերվել»: