Մի քանի ընտրատեղամասերում տեխնիկական որոշ խափանումներ են գրանցվել. ԿԸՀ
«1998 տեղամասային կենտրոններից 572-ում գործարկվում է տեխնիկական 1 սարքավորում, 850 տեղամասերում տեխնիկական 2 սարքավորումներով են աշխատում, և 576 տեղամասում տեխնիկական 3 սարքավորում կա»,- այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Նա մանրամասնեց, որ ընտրություններին նախորդող օրվա նախապատրաստական աշխատանքների ժամանակ որոշակի խնդիրներ են ծագել, որոնք լուծում են ստացել: Մասնավորապես՝ ամբողջ հանրապետությունում 11 սարքավորում փոխարինվել է նորով, գրանցվել են նաև մի քանի տպիչների խափանման դեպքեր:
«Այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից սկսած տեխնիկական սարքերի հետ նույն աշխատանքները տարվել են, և մինչ այս պահը փոխարինվել է 13 տեխնիկական սարքավորում՝ տարբեր տեխնիկական խափանումների պատճառով, որոնք հնարավոր չի եղել վերականգնել: Տպիչների հետ կապված խնդիրներ են եղել, որոնց պատճառով մի շարք տեղամասերում՝ ընդամենը 5 տեղամաս, գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք չի տպվել: Այդ 5 տեղամասերն այն տեղամասերն են, որտեղ գործարկվում է տեխնիկական 1 սարքավորում»,- ասավ նա:
Նրա խոսքով՝ մոտ 10 դեպքերում ընտրական տեղամասերում գործող 2 կամ 3 տեխնիկական սարքավորումից 1-ը զրոյական տեղեկանքը չի տպել:
«Ընդունված կանոնակարգի համաձայն՝ տեղամասային հանձնաժողովում ներկա գտնվող անձինք իրավունք ունեն այդ տեխնիկական սարքավորումը բացվելուց հետո նկարել, որտեղ աջ կողմի վերևի անկյունում կա հաշվիչ, որից ակնհայտ երևում է, որ սարքը գտնվում է զրոյական վիճակում, այսինքն, 08:00-ի դրությամբ, որևէ ընտրող դեռևս չի քվեարկել»,- տեղեկացրել է Նունե Հովհաննիսյանը: