Ընտրությունների օրը նշանակելուց հետո ԿԸՀ-ն ստացել է 20-ից ավելի տարաբնույթ դիմումներ. ԿԸՀ
Ընտրությունների օրը նշանակելուց հետո ԿԸՀ-ն ստացել է երկու տասնյակից ավելի տարաբնույթ դիմումներ, որոնց տրվել են պատասխաններ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, նշեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը՝ ներկայացնելով մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
«Ունեցել ենք երկու նամակ-իրազեկում, որոնք վերաբերում էին նախընտրական քարոզչության որոշակի խախտումներին, մի դեպքում պարզաբանում է տրվել, որ խախտում առկա չի եղել, մյուս դեպքում արդեն խախտումը կանխված է եղել: Երկու դիմում ենք ստացել, որոնցով վարույթ է իրականացվել և կայացվել որոշումներ»,-ասաց նա:
Լիլիա Հակոբյանի խոսքով, մեկ դիմում պարզաբանում էր պահանջում քվեարկության նախորդ օրը տեղամասային հանձնաժողովների կողմից կատարվող գործառույթների մասին, քանի որ քվեաթերթիկները չէին կարող տեղավորվել չհրկիզվող պահարաններում և ինչպես պարզաբանում է տրվել, կարող են դնել տեղամասային կենտրոնում որևէ սեղանի, որը կտրամադրվի ի պահ ոստիկանների:
«Ստացել ենք բազմաթիվ էլեկտրոնային նամակներ, որոնցով քաղաքացիները խնդրում էին խորհրդատվություն տրամադրել»,-ընդգծեց նա: