Աշխարհում ամենաորոնվող նարկոբարոնին, որն ամբողջությամբ փոխել էր դեմքը, ձայնով են ճանաչել
Կոլումբիացի նարկոբարոն Խուան Կառլոս Ռամիրես Աբադիան խոստովանել է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է իրականացրել ձերբակալությունից խուսափելու համար:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նրան երկար ժամանակ հաջողվել է մոլորեցնել ոստիկաններին, սակայն այնուամենայնիվ նրան ճանաչել են ձայնի միջոցով: Կոլումբիացին ձերբակալվել է բրազիլական Սան Պաուլո քաղաքի արվարձաններից մեկում: Վերջինս ողջ աշխարհում ամենից շատ որոնվող հանցագործներից մեկն է:
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց թմրանյութերի տարածման դեմ պայքարի ամերիկյան վարչությունը 5 մլն դոլար էր խոստացել:
Ձերբակալությունից խուսափելու համար տղամարդը վիրահատել է ծնոտը, այտոսկրերը, աչքերը, բերանը և քիթը: Հին լուսանկարների օգնությամբ նրան ճանաչելն անհնար էր դարձել: Ոստիկանությունը նրա հետքի վրա դուրս է եկել, երբ վերջինս հեռախոսազանգ է կատարել. նրա ձայնն անփոփոխ էր մնացել:
Բրազիլիայում ձերբակալելուց հետո հանցագործին արտահանձնել են ԱՄՆ: Նա իրեն մեղավոր է ճանաչել թմրանյութերի առևտրով զբաղվելու և բազմաթիվ պատվերով սպանություններ կազմակերպելու մեջ: Նրան դատապարտել են 30 տարվա ազատազրկման: