Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարզաբանում 2 տղամարդու համբուրվելու աղմկահարույց տեսանյութը. հայտարարություն
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես, բնականաբար, որևէ կապ չունեմ այդ տեսանյութի որևէ դրվագի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում ասել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված վարկաբեկիչ բովանդակությամբ տեսանյութի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ 2 տղամարդ համբուրվում են, և օգտատերերն այդ հոլովակը կապում են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ, թե տղամարդկանցից մեկը նա է:
«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ փորձում են ինձնից պարզաբանում ստանալ որոշ կեղծ և իրական օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում տարածվող վարկաբեկիչ բովանդակությամբ տեսանյութի վերաբերյալ:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես, բնականաբար, որևէ կապ չունեմ այդ տեսանյութի որևէ դրվագի հետ: Ակնհայտ է, որ դա իմ դեմ վերջերս ինչ-որ շրջանակների կողմից նախաձեռնված ու իրականացվող տեղեկատվական վարկաբեկման արշավի մի մաս է:
Ես այս ամենին վերաբերվում եմ որպես ապարդյուն և էժան փորձ՝ ուղղված համայնքում բարեփոխումներ իրականացնելու իմ գործունեության դեմ:
Վստա՛հ եղեք, չի՛ ստացվելու:
Ցանկանում եմ հայտարարել, որ համայնքի արդյունավետ կառավարումը և դրական փոփոխությունների ապահովումը շարունակելու են լինել իմ և իմ աշխատակազմի գործունեության անփոփոխ առաջնահերթությունը, ուստի միշտ պատրաստ եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին հանգամանալից տեղեկատվություն տեղադրել Արաբկիր վարչական շրջանում առկա խնդիրների ու դրանց լուծման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ:
Ես ինչպես սկսել եմ իմ սկզբունքային աշխատանքը, այնպես էլ շարունակելու եմ։ Շնորհակալություն Ձեր ուշադրության համար, արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ Արամ Դանիելյան, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,-գրել է Արամ Դանիելյանը: