Պուտինի մոտ ցանկություն չկա «Ուկրաինայից կտոր խլելու». Նազարբաև
Ռուսաստանի ու այդ պետության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ցանկություն չկա «Ուկրաինայից կտոր խլելու», քանի որ ՌԴ-ն առանց այդ էլ աշխարհում խոշորագույն երկիրն է: Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փոխանցում է news.rambler.ru-ն:
«Պուտինի, Ռուսաստանի մոտ Ուկրաինայի արևելքից կտոր պոկելու ցանկություն չկա: Ինչի՞ համար: Ռուսաստանն ունի աշխարհում ամենամեծ տարածքը»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Այս կապակցությամբ Նազարբաևը վերհիշել է Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարությունը, որն ասում էր, որ «Ռուսաստանը մայրցամաք է, որը ձևանում է իբրև երկիր, այն քաղաքակրթություն է, որը ձևանում է իբրև ազգ»:
Նա հույս է հայտնել, որ 2019 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում խնդիրները կլուծվեն:
«Թող բոլոր խնդիրները լուծվեն: Չեմ թաքցնի՝ Ուկրաինայի համար նույնպես մտահոգվում եմ: Ես այնտեղ սովորել եմ, ես գիտեմ ուկրաինացիներին: Ինչպես ասում են՝ մե՛ր ժողովուրդն է: Մենք հասկանում ենք միմյանց, միմյանց հոգին, նույն երգերն ենք երգում, նույն կատակներն անում»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Նա նաև Պուտինին «Ռուսաստանի մեծագույն հայրենասեր» է անվանել:
«Այս տարիներին նա իսկապես համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչ է դարձել: Նա մարդ է, որը բացարձակապես տիրապետում է համաշխարհային քաղաքականությանը, փոխհարաբերություններին, և նա, իհարկե, Ռուսաստանի մեծագույն հայրենասեր է»,- ասել է Նազարբաևը: