Հայուհու շնորհակալական նամակը՝ ուղղված վրացի փրկարարներին երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության համար
Հայաստանի բնակչուհի Վարդիթեր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել վրացի փրկարարներին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքերը վերացնելիս ցուցաբերած օգնության համար: Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, վերջինս շնորհակալական նամակն ուղարկել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն, որի Facebook-ի էջում էլ այն հրապարակվել է:
«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեր փրկարարներին, որոնք ոչ միայն օգնում էին մարդկանց դուրս բերել փլատակների տակից, այլև վերականգնել ավերվածը: Այն ժամանակ ես շատ բան չէի հասկանում, սակայն լավ հիշում եմ մեր ընտանիքի փրկված անդամների խոսքերը, որոնք վրանում էին պատսպարվել, օրինակ՝ պապիս. «Թող Աստված օրհնի այդ փրկարարներին, որ նրանք երբեք նման աղետի միջով չանցնեն», -ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հրապարակած նամակում:
«Այն ժամանակ մենք փրկարարներ չունեինք: Փառք Աստծու, հիմա ունենք արտակարգ իրավիճակների ուժեղ նախարարություն և լավ փրկարարներ, որոնք անհրաժեշտության դեպքում կկանգնեն ձեր ժողովրդի կողքին», - ընդգծել է հայուհին իր նամակում:
Աղբյուրը հաղորդում է, որ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեն այսօր մասնակցել է Գյումրիում անցկացված միջոցառումներին՝ նվիրված կործանարար աղետի 30-ամյա տարելիցին: