Նրանք, ովքեր կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, առաջին հերթին պետք է լուծեն մեկ հարց. պաշտպան
Միանշանակ դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Ընդ որում դիմելու ենք վճռաբեկ դատարանին դիմելու հետ զուգահեռ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Չենք սպասելու մինչեւ Վճռաբեկ դատարանը մեր բողոքները քննի, որովհետեւ տվյալ դեպքում՝ վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»,-ասաց նա:
Հարցին, թե դիտարկու՞ւմ են արդյոք այս գործը ինչ-որ կերպ ՍԴ փոխանցելու հնարավորությունը, Ալումյանն ասաց. «Մենք ոչ թե ուզում էինք խնդիրը տեղափոխել Սահմանադրական դատարան, այլ ՍԴ դիմելու ընթացակարգը տվյալ դեպքում՝ չէր նախատեսում, որ հարցը պետք է լուծվի այնտեղ: Ուղղակի, եթե վերաքննիչ դատարանը որոշի դիմել ՍԴ, ապա վարույթը կկասեցվի եւ ՍԴ-ից կուզի որոշում, թե արդյոք մեր կողմից նշված քրեադատավարական եւ քրեաիրավական նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը, կամ ոչ, որից հետո քննությունը կշարունակվեր էլի Վերաքննիչ դատարանում»:
Ինչ վերաբերում է նրան, որ պաշտպանական թիմում գործը ՍԴ փոխանցելու հետ կապված տարաձայնություններ են եղել, Ալումյանը նշեց, որ ցանկացած հարց, որ իրենց թիմում քննարկվում է, լինում են կողմ եւ դեմ կարծիքներ, դրա արդյունքում գալիս են վերջնական որոշման, որն ավելի արդյունավետ է:
Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ նշեց, որ իրենց թիմում տարաձայնություններ չկան. «Ես միայն ասում էի, որ մենք մեր մեջ բաժանել ենք՝ ով ինչի մասին կարող է ավելի շատ խոսել: Ես ասում եմ՝ բոլոր նրանք, որոնք կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, առաջին հերթին պետք է լուծեն մեկ հարց. Ոչ թե անձեռնմխելիության հարցը, այլ առաջին հերթին հարկավոր է պարզել՝ արդյոք Քրեական օրենսգրքում 2008 թվականի դեպքերի ժամանակ եղել է մի նորմ, որը Քրեական օրենսգրքով եղել է հետապնդելի: Եթե արարքը չի համարվում ահնցագործությու, անձը չի կարող ենթրարկվել պատասխանատվության»: