Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքները մերժեց, Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Ալումյանը հայտնեց, որ ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքները: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:
Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:
Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։