ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում մի խումբ փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում՝ Միության 2019 թվականի բյուջեն, ինչպես նաև նավթի ու գազի ընդհանուր շուկային վերաբերող որոշումներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, 18 փաստաթուղթ է ստորագրվել:
Հաղորդվում է, որ ԵԱՏՄ ղեկավար անդամները ստորագրել են կառույցի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման վերաբերյալ հռչակագիր, «ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման ռազմավարության մասին», «ԵԱՏՄ-ի միասնական գազային շուկայի ձևավորման մասին», «ԵԱՏՄ-ի նավթի և նավթային ապրանքների միասնական շուկաների ձևավորման մասին», «ԵԱՏՄ-ի ու կառույցի անդամ պետությունների և Չինաստանի միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին» որոշումները:
Ստորագրվել են նաև «ԵԱՏՄ-ի և կառույցի անդամ պետությունների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին», «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների մասին կանոնակարգի 1-ին հավելվածի փոփոխությունների մասին» և «2019 թվականի ընթացքում կառույցի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշումները: