Չի բացառվում, որ Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, և ճիշտ չէ ապօրինաբար ձեռքբերվածն ընդունել.Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք պաշտոնյաների՝ իրենց գույքը պետությանը նվիրաբերելու ցանկության մասին.
«Հիմա կոնկրետ «Գոլդեն Փելեսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո համապատասխան կառավարության որոշման՝ նախագիծ կմշակվի, կշրջանառվի ինչպես կարգն է, և դրական եզրահանգում ստանալուց հետո կմտնի կառավարություն, և կընդունվի նվիրատվությունն ընդունելու մասին որոշումը»:
Նարեկ Բաբայանը նշեց, որ Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի հետ կապված համապատասխան վարույթն իրականացնող մարմնի եզրակացությունը, իհարկե, կարևոր է.
«Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, և ճիշտ չէ ապօրինաբար ձեռքբերվածն ընդունել, համենայնդեպս, կախված է նաև իրավապահ մարմնի եզրակացությունից: Մյուս կողմից էլ կառավարությունն ինքն է որոշում ընդունելու՝ հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ, այստեղ արդեն սա դառնում է քաղաքական որոշում: Առայժմ մենք սպասողական դիրքում ենք»:
Նարեկ Բաբայանը նշեց, որ առայժմ այդ տարածքները ֆինանսապես գնահատված չեն.
«Շենքը և ներսում եղած շարժական գույքն ինքնին արժեք է ներկայացնում: Եթե անգամ վատ մենեջմենթի ընթացքում լավ չի կառավարվում հյուրանոցը, այն ընդունվում է որպես նվեր: Կան մասնավոր բազմաթիվ գնահատող կազմակերպություններ, և կա պետական գույքը գնահատող, մեզ կից աշխատող ՊՈԱԿ: Բիզնեսի գնահատման հետ կապված մի փոքր խնդիր կա, մեր ՊՈԱԿ-ը դրանում մասնագիտացված չէ: Երբ աճուրդի է հանվում գույքը, եթե նույնիսկ զրո է գնահատված, աճուրդով գալիս է, հասնում շուկայական գնի: Աճուրդի ընթացակարգը ենթադրում է, որ փոխկապակցված անձինք չմասնակցեն դրան»:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը խոսել էր Նարեկ Բաբայանի հետ, և վերջինս նշել էր, որ չի բացառվում՝ Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի շինություններն ու տարածքները, որոնք նրանք ցանկանում են նվիրաբերել պետությանը, դատական գործընթացի ժամանակ բռնագանձվեն: