Սերբիայում այծը կրծել ու կուլ է տվել իր տերերի մոտ 20.000 եվրոն
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից 80 կմ հեռու գտնվող Ռանիլովիչ գյուղական համայնքում այծը կրծել ու կուլ է տվել իր տերերի մոտ 20.000 եվրո կանխիկ գումարը:
Ինչպես գրում է lenta.ru-ն, Բելկա անունով այծի տերերը՝ Միլենա Սիմիչն ու նրա ամուսինը, մեծ քանակությամբ գումարը պատրաստել էին հողատարածք գնելու նպատակով: 20.000 եվրոյով նրանք պատրաստվում էին 10 հա հողատարածք գնել: Այծը տուն է մտել բաց մնացած դռնով ու գտել թղթադրամները սեղանի վրա:
«Երբ մենք ձայներ լսեցինք, ամուսինս գնաց տեսնելու, թե ինչ է պատահել, և քիչ էր մնում կաթված ստանար: Բելկան կերել էր ամբողջ գումարը, սեղանին մնացել էր միայն 300 եվրո, մնացած բոլոր թղթադրամները կրծել և կուլ էր տվել», - պատմել է այծի տիրուհին:
Նրա խոսքով՝ այս միջադեպը մեծ հարված է եղել ամուսնու համար, որը դրանից հետո լուռ ու անշարժ նստած նայել է մի կետի: Իսկ Բելկա այծը «պատասխան է տվել» իր արածի համար. նրան արդեն մորթել և խորովել են: