Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չունի Ղարաբաղը ծախելու. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Ես սխալ եմ համարում Ղարաբաղի հիմնահարցի և Ղարաբաղը ծախելու թեմայով դեռևս 90-ականներից եկող մոտեցումը՝ այն, որ ընդդիմությունը ցանկացած իշխանության մեղադրում է Ղարաբաղը ծախելու, իշխանությունն ընդդիմությանը՝ օտարերկրյա գործակալ լինելու մեջ, և այս ամենից արդեն նավթալինի հոտ է գալիս:
Այս մասին «Մենք» դաշինքի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է դաշինքի առաջին համար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա վստահ է, որ Հայաստանի որևէ իշխանություն, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ պարագայում չի կարող Արցախը ծախել կամ առնել: «Նիկոլ Փաշինյանը փողի մարդ չէ, Նիկոլ Փաշինյանը կաշառք չի վերցնելու, Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չունի Ղարաբաղը ծախելու. ծախի, որ ի՞նչ անի, որ այն հեղինակությունը, որը վայելում է այսօր ժողովրդի մոտ, գետնի՞ն տա»,- ասել է «Մենք» դաշինքի առաջնորդը:
Արամ Սարգսյանի խոսքով՝ Ղարաբաղի հիմնախնդիրը բարդ է, և դրա լուծման համար կամք է պետք: «Ես ավելի շատ վախենում եմ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը չգնա լուծման, քան գնա լուծման, որը ձեռնտու չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ արցախյան հիմնահարցի բանակցություններին պետք է գնալ փաթեթով, որում ներառված է Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, իսկ բանակցություններն, ըստ նրա, միշտ պետք են, ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը:
Խոսելով 11 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ նախօրեին կայացած հեռուստաբանավեճի մասին՝ Ա.Սարգսյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և Վիգեն Սարգսյանի միջև գաղափարական բանավեճ այդպես էլ տեղի չունեցավ:
«Այդ բանավեճը հետևյալի մասին էր՝ մենք ռուսների հետ ավելի լավ ենք, քան դուք եք եղել, մեր դատախազությունն ավելի արդար է, քան ձեր դատախազությունն է եղել»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը:
Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ 94-ին Վազգեն Սարգսյանը ցանկանում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին՝ Օմարի դիրքերը հանձնելու համար՝ Ա.Սարգսյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանը երբևէ գնդակահարելու կողմնակից չի եղել, նա այդպիսի մարդ չէր:
«Ես գիտեմ, որ Վազգեն Սարգսյանը բազմաթիվ մեդալներ ու շքանշաններ է հանձնել Սասուն Միքայելյանին, նա եղել է Վազգենին նվիրված մարդկանցից մեկը, և նա միշտ պատմում է Վազգենի մասին՝ նշելով, որ եթե նա իրեն հրամայեր ինքնասպան լինել, նա դա կաներ: Այնպես որ լավ կլիներ, որ Դավիթ Շահնազարյանը հիշեր, որ Սասուն Միքայելյանը, մյուս տղերքը 90-94 թթ. տարածքներ են ազատագրել, Ադրբեջանին պարտադրել են խաղաղության համաձայնագիր ստորագրել, այլ ոչ թե հիշել, թե որտեղ ինչքան են նահանջել, ասենք նահանջել են, հետո ի՞նչ, պատերազմն այդպես է...»,- ընդգծեց է Ա.Սարգսյանը:
Նա նշեց, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման միայն մեկ տարբերակ կա՝ միասնական լինելը, այլ ոչ թե իրար մեղադրելն ու իրար վրա ցեխ շպրտելը: