Կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով
Գործադիրն այսօր մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ, և մինչև 2021 թվականը նախատեսվում է հավելյալ 1 մլրդ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։
Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։