Հաստատվեց ՀՀ -ի և Մոնղոլիայի կառավարությունների միջև առանց արտոնագրի ռեժիմը
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին նախագիծը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել և քաջալերել պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով:
Ըստ հիմնավորման՝ կողմերից յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում այդ պայմանավորող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս կողմի պետության տարածքում երեսուն օրից ավել մնալու ցանկության դեպքում նախապես պետք է ստանան մուտքի արտոնագիր: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր և միաժամանակ գտնում է, որ համաձայնագրում վավերացման ենթակա դարձնող հիմքեր առկա չեն: