Պետք է ունենանք խորհրդարան, որը զերծ է արտաքին, մասնավորապես, ռուսական միջամտությունից. Արամ Սարգսյան
Մենք քարոզարշավի ընթացքում իրար չհետևելով, ներքաղաքական կյանքին հետևելով՝ բաց ենք թողել արտաքինը։ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր՝ դեկտեմբերի 5–ին կայացած մեծ բանավեճում ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։
«Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք։ Իսկ պատերազմներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները։ Որպեսզի մեր պետությունը կարողանա հաղթել, մենք բոլորով պիտի մենք դառնանք, և մեր անունը այդ իմաստն ունի։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք միասնական դառնալ և խնդիրներ լուծել։ Երկրորդ աշխարհամարտից հետո նորից սկսվել է աշխարհի վերաձևումը, և դա չտեսնել հնարավոր չի։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը, ձևավորենք այն խորհրդարանը, որտեղ հնարավորին շատ քաղաքական ուժեր կլինեն, ունենանք խորհրդարան, որը զերծ է արտաքին, մասնավորապես, ռուսական միջամտությունից։