Երբ մենք մանդատ ստանանք խորհրդարանում, առաջինը վերացնելու ենք պատգամավորի անձեռնմխելիությունը. Լուսինե Հարոյան
Այս ընտրապայքարը վերածվեց մեղադրանքների եւ միմյանց քարկոծելու պայքարի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում քաղաքական մեծ բանավեճի ժամանակ ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը։
«Ապրիլին երբ մենք փակում էինք փողոցներ, հույս ունեինք, որ ունենալու ենք վերջապես քաղաքական դաշտ, որը կվերածվի ոչ թե անձի շահերի, կլանների բախման դաշտի, այլ իսկապես առողջ գաղափարական պայքարի դաշտի։ Մեր կուսակցությունը հենց այն կուսակցությունն է, որը փորձում է այդ մշակույթը ներմուծել»,– ասաց Լուսինե Հարոյանը։
Նա հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման հիման վրա. «Մենք եղել ենք պայքարի առաջամարտիկները։ Երբ մենք մանդատ ստանանք խորհրդարանում, առաջինը վերացնելու ենք պատգամավորի անձեռնմխելիությունը»։