Մենք առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ. Շիրինյան
«Մենք իմ համախոհների հետ միասին հեղափոխությանը միացել ենք ապրիլի 2-ին, և հեղափոխության արմատական կողմնակիցներ ենք մնում այսօր և այսուհետև»․- Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Նախընտրական մեծ բանավեճի ժամանակ հայտարարեց Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը։
Նա նշեց, որ այդ նպատակով կարողացել են երկրում սկսել քրիստոնեական արժեհամակարգի վերականգնման շարժում և այդ ճանապարհին մշակել կոնցեպցիաներ, ապա հայտարարեց՝«Եթե ՀՀ-ն ռազմավարական զարգացման ընթացքը չի փոխելու, մնալու է վաշխառուական կապիտալի ազդեցության տակ, երկրի ընդերքը, երկրի հարստությունները մնալու են որոշ մարդկանց ձեռքին, կարծում ենք հեղափոխությունը հաջողություն չի ունենալու, դրա համար մշակել ենք հստակ, գիտության բոլոր չափանիշներին համապատասխան կոնցեպցիաներ։ Մենք առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ, երբ շուկայական տնտեսությունը սպասարկում է սոցիալական հարցի լուծումով․ սա փիլիսոփայական, քաղաքական կոնցեպցիա է, որ կիրառվել է աշխարի լավագույն երկրներում՝ Հարավային Կորեա, Գերմանիա և այլուր, և տվել է բարձրագույն արդյունք»։
Շիրինյանը ընդգծեց, որ պառլամենտարիզմը պետք է զարգանա, որովհետև բալանսավորված պառլամենտն է, որ կարող է երկրի առաջընթացն ապահովել, ապա կարծիք հայտնեց, որ ձայների 60 տոկոսը բավարար է վարչապետի կայուն քաղաքականության համար, իսկ մնացածը պետք է բաժին հասնի այլ կուսակցությունների։