Ձայնագրությունը մոնտաժված է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման պատճառներին:
«Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջը օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որևէ մեկը չի պլստալու, հատ առ հատ կանչելու ենք պատասխանատվության` ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով: Այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար: Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետության, ժողովրդի ու Թավշյա հեղափոխության դեմ սանձազերծված այս պատերազմին ջախջախիչ հակահարված տալու համար Փաշինյանը կոչ արեց վստահության քվե տալ իրեն:
Նա նշեց, որ գաղտնալսված խոսակցության` հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է, հիշեցրեց, որ սեպտեմբերի 12-ին ԱԺ ամբիոնից 20 րոպեանոց ելույթում անդրադարձել է սրան և այնտեղ կրկնակի շատ տեղեկություններ կան, քան այս հրապարակված տարբերակում: Փաշինյանն ասաց, որ այդ խոսակցությունից հանված են այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն իրեն ասում է, որ դատավորը վախեցած է, իսկ ինքն ասում է` «ի՞նչ է նշանակում` դատավորը վախեցած է, դուք Ազգային անվտանգության ծառայություն եք, պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունն ու անկախությունը, եթե չեք կարողանում ապահովել, հակառակ պարագայում սխալ են աշխատում»:
Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի այդ խոսակցությունների բովանդակությամբ բացահայտվող գործողությունները միանշանակ տեղավորվում են նրանց պաշտոնեական գործառույթների շրջանակում, այլ բան, որ հեռախոսով խոսելիս չեն ասում քրեական դատավարության օրենսգրքի այսինչ հոդվածի այսինչ կետի համաձայն կմիջնորդեն, որ այսինչ բանը տեղի ունենա: Նա ընդգծեց` այն, ինչ կա գաղտնալսման մեջ, քաղաքացիներն իրենից լսել են դեռ սեպտեմբերի 12-ին` ԱԺ ամբիոնից: Սա, ըստ Փաշինյանի, հակահեղափոխություն է:
«Ոչ մի կասկած չկա, որ նրանց սպասվում է ջախջախիչ պարտություն, իսկ կոռուպցիոներներին սպասվում են քրգործեր, կալանավորումներ, դատավճիռներ, նրանք իրենց թալանած ամբողջը պետք է վերադարձնեն ժողովրդին»,- ասաց նա` նաև հանուն դրա կոչ անելով իրեն պատվիրակել, որպեսզի բոլոր կոռումպացվածներին բերեն դատարանի առաջ, գումարները բերեն պետական գանձարան, ծառայեցնեն ՀՀ բարեկեցությանը, ժողովրդին, Արցախին և ազգային երազանքների իրականացմանը: