Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց
Այսօր՝ ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ օրը, օրակարգում դրված էր միայն ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ժ. 11.00-ին խորհրդարանի օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր դրված: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում քվորում չապահովվեց: Նիստին ներկա էր 11 պատգամավոր, այնուհետ նրանց թիվը դարձավ 14:
ԱԺ Կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ նիստ պետք է հրավիրվեր այսօր՝ ժ. 14.00-ին, պատգամավորները դարձյալ պետք է գրանցվեին քվեարկությանը մասնակցելու համար, սակայն նրանց թիվը օրվա ընթացքում այդպես էլ չավելացավ 14-ից:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց չկայացած, ինչը նշանակում է, որ այսօր նախատեսված հարցուպատասխանը ևս չի կայանալու: