ԱԱԾ-ն ընտրություններից առա՛ջ պետք է հրավիրի նրանց, ովքեր մեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ․ Փաշինյան
«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,– այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։
Փաշինյանը բացատրեց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։
«Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, չէ՞։ Հիմա պատկերացրենք՝ մեզ մեղադրում են։ Որ մենք լռության մատնենք, պիտի ասեն, որ հա՜, ուրեմն ծածկադմփոց են անում … էս կարևոր հայտարարությո՜ւնը, բա ո՜ւր են նայում մեր իրավապահ մարմինները։
Հիմա կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, և ընտրություններից առաջ դա պետք է անի։ Եթե պարզվի՝ մենք իրոք դավադրության մեջ ենք, թող էս ժողովուրդն էլ իմանա, որ մենք դավադրության մեջ ենք», – ասաց Փաշինյանը։
Իսկ քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ԱԱԾ-ն արդեն բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար հրավիրել է Դավիթ Շահնազարյանին, որն էլ հենց հայտարարությունների հեղինակն է։