0038 հրամանը կապ չունի Մարտի մեկի իրադարձությունների հետ. Քոչարյանի պաշտպան
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ քրեական դատարանում արձագանքել է դատախազության ներկայացրած առարակություններին և հայտնել իր դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նշենք, որ արդեն 6 ժամ է դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը:
Փաստաբանն այսօր անդրադարձավ Մարտի մեկի գործով կարևոր ապացույց հանդիսացող 0038 գաղտնի հրամանին: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը այդ հրամանի տեքստի պարունակությանը տեղյակ չի եղել:
«Նախարարները որպես այդպիսին հրամանները չեն ուղարկում նախագահին, որովհետեւ եթե բոլոր նախարարները բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին եւ եթե նույնսիկ միայն ուժային կառույցների ղեկավարները իրենց բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին համաձայնեցման համար, ապա նա որեւէ այլ գործունեություն չի կարող ծավալել»,- ասաց նա, հավելելով, թե պնդումը, որ բանակը ներգրավվել է 2008-ին տեղի ունեցած այդ գործընթացներին քննություն իրականացնող մարմինն է առաջ քաշում:
«Զինված ուժերի հետ կապված իրարից անկախ երկու էպիզոդներ կան, մեկը վերաբերում է փետրվարի վերջին տեղի ունեցած գործընթացներին, մյուսը՝ վերաբերում է մարտի 1-ին օրվա երկրորդ կեսին արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ այդ թվում նաեւ Զինված ուժերին հասարակական կարգի պահպանման ֆունկցիա տալուն: Դրանք տարբեր գործընթացներ են, իրար հետ չկապվող»,- ասաց նա:
Քոչարյանի պաշտպանը նշեց, որ երբ պարզ կլինի հրամանն ում կողմից է ընդունվել ինչ հանգամանքներում կամ ում հետ է քննարկվել, նոր կարելի է հրամանի բովանդակության վերաբերյալ հետեւություններ անել ու դիրքորոշում հայտնել:
Ըստ նրա՝ 0038 հրամանը որեւէ կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ:
«Խնդիրն այն, է որ փորձ է արվում փետրվարի 23-ի խորհրդակցությունը կապել Մարտի 1-ի իրադարձությունների հետ, բայց դրանք միմյանց հետ առնչություն չունեցող գործընթացներ են»,-ասաց նա:
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։